Ապրիլից հետո պահեստազորի հետ կապված լրացուցիչ միջոցառումներ են իրականացվել. Կամո Քոչունց
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը, խոսելով մամուլում տարածված լուրերի մասին, որ այսօր հանրապետությունում ծառայությունից խուսափող 13 հազար մարդ կա, ընդգծեց, որ դա ոչ թե փախուստի դիմած մարդկանց թիվն է, այլ հանրապետությունից բացակայող։ «Զինծառայությունից 13 հազար խուսափողը 10 տարվա կտրվածքով թիվ չէ, դա ընդհանուր առմամբ ոչ թե փախուստներն են, այլ մարդիկ, ովքեր գնացել են երկրից, վերաբնակեցվել են այլ տեղեր, բայց քանի որ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, հաշվառված են», - ասաց նա։ Ըստ նրա՝ բանակային ծառայության նկատմամբ վստահության պակաս կա։ «Ես կարող եմ ձեզ հրավիրել հունվարի 8-ից սկսվող զորակոչին։ Կարող եք գալ, ցանկացած զինակոչիկի հետ հանդիպել և իր մոտեցումներն ու պատրաստավածության աստիճանը տեսնել ու համապատասխան եզրակացության կգաք», - ասաց Կ. Քոչունցը: Ինչպես ասաց` պահեստազորը հավաքվում է 3 օրում, վերապատրաստվում` 7, պատրաստվում` 10 օրում: Վարժանքի ընթացքում քաղաքացու աշխատատեղը պահպանվում է` անկախ այն հանգամանքից՝ մասնավո՞ր, թե՞ պետական հատվածում է նա աշխատում: Կ. Քոչունցը նշեց, որ ապրիլից հետո պահեստազորի հետ կապված լրացուցիչ միջոցառումներ, սփյուռքի կամավորականների պատրաստության միջոցառումներ են իրականացվել:
