Հետաքրքիր է իմանալ. Ինչպես են տոնում Լուսնային նոր տարին Ասիայում և հատկապես Չինաստանում
Ի տարբերություն շատ երկրների՝ Չինաստանում Ամանորը շարժական տոն է և տոնվում է հունվարի 21-ից փետրվարի 21-ը ընկած ժամանակահատվածում: Չինաստանում Ամանորն անվանում են նաև Լուսնային նոր տարի, քանի որ Ամանորը համընկնում է ձմեռային արևադարձի նորալուսնի հետ: Չինացիների համար Ամանորի գալուստն ազդարարում է գարնան սկիզբը: Այդ օրերին Չինաստանի բոլոր խանութներն ու սրճարանները զարդարված են լինում ամենատարբեր զարդերով և չեն կարող անտարբեր թողնել և ոչ մի զբոսաշրջիկի: Ինչպես մենք, այնպես էլ չինացիները, մեծ ոգևորությամբ են պատրաստվում Ամանորին: Նրանք նախապես պատրաստում են համեղ ուտեստներ, դեն են նետում բոլոր անպետքական իրերը, որպեսզի տեղ ազատեն երջանկության և հարստության համար: Բնակարանն ամբողջությամբ մաքրելուց հետո, նրանք սկսում են զարդարել իրենց սենյակները ամանորյա զարդերով: Ավանդույթի համաձայն՝ Չինաստանում Ամանորը տոնում են 15 օր շարունակ: Չինացիները նույնպես սիրում են միմյանց նվերներ տալ, սակայն նրանք ավելի շատ կարևորում են գումարը և միմյանց հաճախ գումար են նվիրում կարմիր ծրարով, որը հարստության և երջանկության խորհրդանիշ է: Չինաստանում Ամանորի գլխավոր խորհրդանիշներից է մանդարինը, քանի որ այն խորհրդանշում է հաջողություն: Ինչ վերաբերում է հագուստին, ապա Չինաստանում Ամանորին միայն նոր հագուստ են հագնում, քանի որ հինը կարող է իր հետ բերել անցած տարվա բոլոր անհաջողությունները նոր տարի: Չնայած, որ չինացիներն ապրում են ըստ լուսնա-արևային օրացույցի, 2017 թիվը Չինաստանում նույնպես աքլորի տարի է: Այս տարի Չինաստանում Ամանորը սկսելու են նշել հունվարի 28-ից: Բոլոր չինացիներն այդ օրը հավաքվում են ընտանիքի բոլոր անդամներով և եթե ընտանիքից որևէ մեկը տանից հեռու է, անպայման այդ օրը գալիս և միանում է ընտանիքին: Տաթևիկ Թահմազյան
