Ռուսաստանը միջուկային նոր հարված է մոդելավորել. ՆԱՏՕ
Ռուսաստանի զինված ուժերը 2013 թվականին զորավարժություններ են անցկացրել, որոնք նմանակել են Շվեդիայի վրա միջուկային հարվածի իրականացումը։ Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի կայքում հրապարակած Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի զեկույցում: «Մասշտաբային վերազինման շրջանակում Ռուսաստանում անցկացվող զորավարժությունները հասել են Սառը պատերազմի ժամանակներից ի վեր աննախադեպ մակարդակի: Վերջին երեք տարիներին Ռուսաստանն անցկացրել է առնվազն 18 մասշտաբային զորավարժություն, որոնց մի մասին մասնակցել է ավելի քան 100 հազար զինծառայող։ Այդ զորավարժությունները ներառել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների վրա միջուկային հարվածների մոդելավորումներ (օրինակ՝ Շվեդիայի վրա հարձակման նմանակումը 2013 թվականի մարտին)»,- ասված է զեկույցում: Ինչպես նշում է շվեդական The Local լրատվամիջոցը, զորավարժություններն անցկացվել են Ստոկհոլմի արշիպելագի արևելյան սահմանի մոտակայքում և բուռն արձագանք են առաջացրել ԶԼՄ-ներում, քանի որ շվեդ զինվորականներն այդ ժամանակ չեն կարողացել օպերատիվ արձագանքել դրանց, քանի որ շատ զինծառայողներ եղել են արձակուրդում։
