Այսօր մեկնարկում է Սիրիայի օգնության համաժողովը
Այսօր Լոնդոնում աշխատանքն է սկսում Սիրիայի և տարածաշրջանի երկրների օգնության միջազգային համաժողովը։ ՄԱԿ-ը մասնակիցներին կոչ է արել 9 մլրդ դոլար տրամադրել մարդասիրական գործողությունների համար՝ չնայած մի շարք երկրներում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակին։ Այս մասին լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ փոխանցում է TASS գործակալությունը։ «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ֆինանսական պայմաններում են գտնվում մեր կազմակերպության անդամները, սակայն միևնույն ժամանակ կարիքները շատ մեծ են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երկրները պետք է իրենց նվիրեն աշխատանքի երկու ուղղության՝ մարդասիրական ջանքերի ֆինանսավորմանն ու հակամարտության կարգավորմանը։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ Սիրիայի բնակիչներին, փախստականներին և նրանց ընդունող համայնքներին օգնելու համար 2016 թվականին կպահանջվի առնվազն 8.4 մլրդ դոլար։
