Առանց ձյա՞ն և առանց եղևնիների՞ . Ավստրալիայում Ամանորը նշում են ամռանը
Ավստրալիայում Ամանորը նշում են ամռանը, քանի որ հարավային կիսագնդում հունվարին շոգ և արևային եղանակ է: Հատկանշականն այն է, որ ավստրալացիներն աշխարհում առաջինն են նշում Ամանորը: Նրանք բավականին աղմկոտ և ակտիվ են տոնում այդ տոնը և եթե անգամ որոշում են տանը նշել, կասկած չի կարող լինել, որ այն բուռն է տոնվելու: Երբ եկեղեցու զանգերն ազդարարում են կեսգիշերը, ավստրալացիներն ավանդույթի համաձայն բարձրաձայն շնորհավորում են միմյանց: Նրանք թմբկահարում են, սուլում են կամ էլ պարզապես գոռում ամբողջ ուժով: Ավստրալացիներն ըստ իրենց սովորության՝ բաց երկնքի տակ են կազմակերպում ամանորյա հանդիսությունները: Սիդնեյում կիսգիշերին հնարավոր է ականատեսը լինել աշխարհի ամենաթեժ հրավառությանը, որը տեսնելու համար աշխարհի տարբեր անկյուններից բազմաթիվ զբոսաշրջիկներ գնում են Ավստրալիա: Շատերը նախընտրում են հիանալ հրավառությամբ 250 մետր բարձրությունից և ձեռք են բերում տոմսեր Սիդնեյի ամենաբարձր երկնաքերից՝ Sydney Tower-ից հրավառությանը հետևելու համար: Մելբուրնում պարային հավաքույթներին ներկա են լինում մոտ 500.000 տեղացիներ և զբոսաշրջիկներ: Ամանորյա այս տոնախմբությունները Ավստրալիայում անվճար են անցկացվում: Բրիսբենում, օրինակ, կազմակերպվում են համերգներ, որոնց ժամանակ ելույթ են ունենում երկրի ամենանշանավոր կատարողներն ու երաժիշտները: Վիկտորիայում և Թասմանիայում մինչև Նոր տարվա գալուստը, ազդարարվում է ամենահայտնի երաժշտական մրցանակաբաշխությունը՝ The Falls Festival-ը, որը շարունակվում է մինչև Ամանոր և գրավում է Ավստրալիայի ողջ երիտասարդությանը: Հունվարի 1-ը Ավստրալիայում հանգստյան օր է: Ավտրալացիները մինչև հունվարի 6-ը ծովափնյա երեկույթներ են կազմակերպում և զվարճանում: Ինչպես տեսնում ենք Ավստրալիայում Ամանորին ոչ ձյուն կա, ոչ էլ եղևնիներ, սակայն դա չի խանգարում, որ ավստրալացիներն ամենաակտիվ ձևով տոնեն Ամանորը: Տաթևիկ Թահմազյան
