Երևանի ու Անկարայի լավ հարաբերությունների ուղին անցնում է Ղարաբաղով. պայմանավորվածություն է ձեռք բերվել
Թուրքիան ու Ռուսաստանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել ԼՂ-ի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը:Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեջաի Բերբերը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը նույնպես ցանկանում է այդ խնդրի լուծումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկիրը մեկուսացնում է արտաքին աշխարհից, ինչն էլ մեծ ազդեցություն է գործում Հայաստանի տնտեսության վրա: «Անկասկած այդ խնդրի լուծումը կհանգեցնի տարածաշրջանի կայունությանն ու նրա քաղաքացիների բարեկեցության մեծացմանը։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչպիսին որ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն են։ Սակայն Երևանի ու Անկարայի լավ հարաբերությունների ուղին անցնում է Ղարաբաղով»,- ասել է Բերբերը:
