Պաշտոն չեն ուզո՞ւմ
«Ես կարծում եմ՝ այս երկու, երեք օրվա աժիոտաժը ստեղծվեց հիմնականում լրագրողական համայնքի կողմից, և կարծես թե երեկ արդեն հունի մեջ ընկավ, եթե նկատել եք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներից էլ դա երևում է»,-երեկ Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում անպայման ունենում է հեղինակության կորուստ ու չի կարող որևէ այլ բան լինել, նույնը վերաբերվում է Հայաստանի իշխանություններին: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն վրդովված է ձեր գնահատականներից՝ Վարդանյանն արձագանքեց. «Եթե դուք հետևեիք երեկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ելույթներին, կտեսնեիք լրիվ այլ բան»: Հարցին, թե արդյոք վտանգված է հնարավոր համագործկցությունը ՀՀԿ-ի հետ Աղվան Վարդանյանն պատասխանեց. «Մենք մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք, որևէ վտանգաված խնդիր չկա: Մենք քննարկում ենք, հիմնական անելիքները շատ նորմալ գնում են»: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ քննարկումների արդյունքը չենք տեսնում Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մեր լրատվամիջոցներն ամեն ինչ բերում հասցնում են պաշտոնների, բայց դա չէ էականը, դա չէ էությունը, մենք լրջագույն հարցեր ունենք քննարկելու երկրում փոփոխություններ կատարեու ուղղությունների վերաբերյալ, համաձայնեցնելու մեր մոտեցուները ու շատապելու բան չկա: Կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, ամենաուշը մեկ շաբաթից մենք կունենանք որոշակի պատկերացումներ մասնակցության ձևաչափի և պատասխանատվությունները ստանձնելու ուղղությամբ»: Աստղիկ Ավագյան
