Արտակարգ դեպք Երևանում
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտոմեքենայի հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր է ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Գարի Արմաղանյանի գլխավորությամբ: Հրշեջները մարել են «Էլեգանտ» տաքսի ծառայությանը պատկանող Renault Logan մակնիշի 710OP61 համարանիշիւ մեքենայում առաջացած հրդեհը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը՝ Սամվել Սարգսյանը, բարեբախտաբար, չի տուժել: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու և ցուցիչի վահանակը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Հրդեհի պատճառները պարզվում են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե հրշեջները օպերատիվ և պրոֆեսիոնալ չգործեին, ապա մեքենան կվերածվեր մոխրակույտի և չէր բացառվում, որ պայթյուն տեղի ունենար, քանի որ ավտոմեքենան գազաբալոնով է:
