Բացառիկ. Հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանի առաջին հարցազրույցը. tert.am

Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. - Պարո՛ն Աբրահամյան, Ձեր` վարչապետի լիազորությունները վայր դնելուց հետո դադարել եք լինել հրապարակային անձ ու տպավորություն է, թե քաղաքականության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը նույնպես պակասել է: Անգամ ՀՀԿ ԳՄ նիստերին չեք մասնակցում: Ի՞նչն է պատճառը: -Անշուշտ, այս ընթացքում ավելի պասիվ եմ եղել, քան նախկինում, չնայած համաձայն չեմ, թե դադարել եմ լինել հրապարակային անձ։ Պարզապես չեմ համարում, որ պաշտոնաթողությունից անմիջապես հետո շատ ակտիվ հրապարակային լինելն օգտակար կլիներ։ Ունենք նոր կառավարություն, նոր վարչապետ, ում հետ, իմիջիայլոց, ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, նրանք պետք է լայնորեն ինքնադրսևորվելու, ազատ, անկաշկանդ գործելու հնարավորություններ ունենան։ Իմ շատ ակտիվ լինելը միգուցե այլ կերպ կընկալվեր, միգուցե նաև ինչ-որ տեղ խանգարեր։ Իսկ հարցեր քննարկելու, հարկ եղած դեպքում օժանդակելու համար հատկապես հիմա հարկ չկա դա հրապարակային անել. մենք ունենք և՛ ընկերական շփումների, և՛ այժմ արդեն կուսակցության գրասենյակում քննարկումների հարթակները։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ ԳՄ նիստերին, ապա Ձեր պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Այո՛, առանձին նիստերի հարգելի պատճառով ներկա չեմ եղել, բայց դրանք բացառություն են, ոչ թե օրինաչափություն։ Կուսակցական աշխատանքին մասնակցում եմ հաճույքով ու մեծ պատրաստակամությամբ։ - Ձեր հրաժարականի ելույթում խոսեցիք հասարակության բևեռացվածության, ու այդ բևեռացվածությունը նոր մոտեցումներով հաղթահարելու անհրաժեշտության մասին: Նոր Կառավարությունն այդ նոր մոտեցումներն առաջ բերե՞ց՝ ըստ Ձեզ: Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքն ու հասարա­կության վերաբերմունքն այդ աշխատանքին: -Այ, հենց երկրորդ հարցով միանգամից հաստատեցիք քիչ առաջ ասածս, թե ինչու է պետք ավելի քիչ հրապարակային լինել պաշտոնաթողությանը հաջորդող հատվածում։ Հիմա Դուք փորձելու եք անընդհատ մեկնաբանություններ ակնկալել ինձնից կառավարության ու վարչապետի յուրաքանչյուր քայլի մասին չէ՞, կարծիքների տարբերություն եք փորձելու գտնել չէ՞, չի ստացվի (ժպտում է)։ Կատակ էր, հասկանում եմ, որ դա Ձեր աշխատանքն է։

Վարչապետն ու կառավարությունը բավականին հաջող են սկսել։ Ունեն լավ տրամադրվածություն, գործելու լայն ազատություն և բավականին ուժեղ քաղաքական հենարան իրենց թիկունքում։ Հաջողություն մաղթենք կառավարությանը, որովհետև ամեն ինչից զատ օբյեկտիվ հաջողության կարիք էլ կա համաշխարհային տնտեսության բավականին փոփոխական ներկա պայմաններում։ - 2017 թ. ԱԺ ընտրություններին Ձեզ ՀՀԿ շտաբը ղեկավարելու առաջարկ եղե՞լ է: Որտե՞ղ եք Ձեզ տեսնում 2017-ի ընտրություններից հետո: - 2017թ. ԱԺ ընտրությունների բուն կազմակերպչական աշխատանքները դեռ կուսակցությունում չեն սկսվել։ Իհարկե, ՀՀԿ 15-րդ համագումարը, հատկապես Նախագահի ամփոփիչ ելույթը տվեցին այն գաղափարական հստակ գիծը, որով մենք գալիք ընտրություններում ներկայանալու ենք մեր հասարակությանը և քվե ենք հայցելու։ Շուտով կսկսվի նաև կազմակերպչական աշխատանքների համակարգման փուլը, և կուսակցության յուրաքանչյուր անդամ կստանա այդ մեծ գործընթացում պատասխանատվության սեփական հատվածը, բայց բոլորը միասին, իհարկե, կգործեն որպես մեկ միասնական թիմ։ Իսկ 2017 թվականից հետո ինձ տեսնում եմ նույն դերում, որում տեսել եմ միշտ՝ հնարավորություններիս ու փորձիս սահմաններում ծառայել Հայրենիքին։ Այստեղ դա իրականացնելու ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունն ու նվիրվածությունը։ - Պարո՛ն Աբրահամյան, իսկ եթե հետահայաց գնահատական տաք Ձեր վարչապետության տարիներին, ո՞րը կլինի այն կարևորագույն ձեռքբերումը, որ ունեցել եք այդ երկու տարիների ընթացքում: Շատերի գնահատականների համաձայն՝ հայ-իրանական էներգետիկ նախագծերը տեղից շարժելն է: Դու՞ք որը կառանձնացնեք: -Այդ մասին ես արդեն խոսել եմ, եթե հիշում եք։ Այս պահին ավելացնելու կարիք չեմ տեսնում, առավել ևս, որ իմ վարչապետության տարիները հակված չեմ դիտարկել որպես կտրված մեկ առանձին հատված։ Այդ ժամանակահատվածն էլ իշխող կուսակցության՝ մեր կուսակցության 2007-2012 թվականների և 2012-2017 թվականների ծրագրերի իրականացման տիրույթում է, իսկ դրանց ընթացքի մասին երկրի ղեկավարը բավականին հանգամանալից ու խորքային խոսեց վերջին համագումարում։ Այդ գնահատականների խորությունը շատ ավելի հիմնովին է ընկալվելու ժամանակի ընթացքում, հավատացնում եմ Ձեզ։ Իմ կարևորագույն ձեռքբերման մասով ավելացնեմ միայն հետևյալը, թեև այն միայն վարչապետ աշխատելու տարիներին չի ամենևին վերաբերվում։ Կապ չունի ինչ աշխատանքով ես զբաղված, կապ չունի քո կայացրած որոշումների մասշտաբները որքան լայն են, առաջին իսկ հնարավորության դեպքում հասնել խնդիր ունեցող մեկ մարդուն, ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողին, եթե անգամ պետական քաղաքականության արդյունքները ուշանում են տվյալ հարցում. սա է եղել իմ ներքին համոզումը միշտ ու սրանով եմ առաջնորդվելու ապագայում ևս։ Իմ ձեռքբերումը որևէ անելանելի վիճակից դուրս եկած մարդկանց ժպտացող հայացքներն են, որոնք ես միշտ պահում եմ իմ մեջ։ Մեր ժողովուրդը բնական խորը իմաստություն ունի, նա շատ արագ է տարբերում իր նմանին օտարից։ Նա արագ է հաղթահարում ցանկացած ցավ կամ անարդարություն, երբ զգում է իր նմանի անկեղծ սատարումը, ջերմությունը, անշահախնդրորեն աջակցելու պատրաստակամությունը։ Ոչ թե հետո վերևից նայելու կամ անընդհատ հիշեցնելու համար անողին, այլ իր նմանին, իր տեսակին, իրեն հավասար իր միջից ծնվածին։ Սա հասկանալ պետք չէ, սա ուղղակի զգալ է պետք։ Դեռ նոր-նոր ոտքի կանգնելու ժամանակներից միշտ դա եմ զգացել ու միշտ դա եմ արել։ Որքան հնարավորություն ունենամ, այսուհետ ևս փորձելու եմ հասնել թևաթափ եղած այն մեկ մարդուն՝ բոլոր այն տեղերում, որտեղ կհասցնեմ։      

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am