ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության գործում
Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության եւ քաղաքական երկխոսության կապակցությամբ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում հայ զինծառայողների մասնակցությանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության եւ կայունության հաստատման ջանքերում:
