Ժաննա Ալեքսանյան. «Պաշտոնյաները որոշել են լրագրողների զսպման մեթոդներ կիրառել»
Իրավապաշտպան «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը և newsbook.am կայքի գլխավոր խմբագիր Գոհար Վեզիրյանն այսօր Հայելի մամուլի ակումբի հյուրերն էին և մեկնաբանում էին ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: «Մեր լրագրողանական համայքնի արձագանքը շատ չեզոք էր, եթե հիմա մեկ կողմում Ռուբիկ Հակոբյանն է և օլիգարխ չէ պետք է աղմուկ չբարձրանա՞ր: Լրագրողական համայքն այդ գործը պետք է վերցնի իր վերահսկողության տակ և հետամուտ լինի, որ պատգամավորը պատասխանատվության ենթարկվի: Որպես ԱԺ լրագրող, վստահաբար ասում եմ, որ Ռուբիկ Հակոբյանից այդ քայլը սպասելի էր»,- ասաց Գոհար Վեզիրյանը: Ժաննա Ալեքսանյանի կարծիքով Ռուբիկ Հակոբյանը պատմության մեջ կմնա որպես լրագրողներին ծեծող: Ըստ բանախոսի՝ եթե Վահեն զուսպ պահվածք չցուցաբերեր, ապա հիմա ողբերգական փաստի առջև կանգնած կլինեին բոլորը: «Ռուբիկ Հակոբյանը տեսել է, որ Վահե փոքրամարմին է և իր աժդահա դիրքերից կարող է հարվածել նրան: Նա չի ցավում այս դեպքի համար: Ներողություն խնդրելու խնդիր կա Հայաստանում: Իրեն թվում էր, որ նա կկորցներ ամեն ինչ եթե զանգեր և ներողություն խնդրեր Վահեից»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը: Տաթևիկ Թահմազյան
