Արմինե Օհանյան . «Դա եղել է ծրագրված և խորամանկ քայլ Ռուբիկ Հակոբյանի կողմից»
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և Hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում խոսեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա ասաց, որ Ռուբիկ Հակոբյանի զայրույթի պատճառ է դարձել լրագրող Վահե Մակարյանի հարցը, թե ինչպես է նա կրում դաշնակցության գաղափարը: Այդ հարցը լրագրողն ուղղել է մի քանի անգամ, քանի որ պատասխան չի ստացել: «Ռուբիկ Հակոբյանի բուռն արձագանքը չի եղել հենց այդ պահի: Այդ դեպքում հասկանալի կլիներ, որ մարդը հունից դուրս է եկել և չի կառավարել իրեն, սակայն կան բոլոր փաստերը, որ Ռուբիկ Հակոբյանը հարցազրույցից հետո է Վահեին տարել այնպիսի մի տեղ, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել է նրա դեմքին և սեռական հայհոյանքներ ուղղել նրան: Դա եղել է ծրագրված և խորամանկ քայլ»,- ասաց Արմինե Օհանյանը և հավելեց, որ լրագրողը պետք է կարողանա հենց սադրիչ հարցել տալ, ոչ թե գնալ և գովաբանել բոլորին: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մտավախություն հայտնեց, որ այդ միջադեպը բացասական է ազդելու իրենց աշխատանքի վրա: «Ինչպե՞ս պայքարել նման երևույթների դեմ, եթե նման միջադեպից հետո Ռուբիկ Հակոբյանի գործընկերները ողջունում են նրա քայլը, զանգահարում և շնորհակալություն հայտնում: Ստի ոտքը կարճ է: Մեր պայքարը լինելու է գրչով, ուրիշ ձևով չենք կարող պայքարել»,- եզրափակեց Արմինե Օհանյանը: Տաթևիկ Թահմազյան
