‹‹Առողջապահության նախարարը արհամարհում է մեզ››. ահազանգ
Այսօր Հայելի ակումբում ‹‹Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի›› նախագահ Կարինե Թուխիկյանը խոսեց հոգեկան խնդիրներ ունեցող շահառուներին անորակ դեղեր մատակարարելու և Առողջապահության նախարարի հետ հանդիպման անհաջող փորձերի մասին: ‹‹Մենք մեր անաչառ պայքարը սկսել ենք դեռ հոկտեմբերի 28-ից: Մի քանի բաց նամակներ ենք ուղղել վարչապետի խորհրդականին՝ Գևորգ Մուրադյանին: Նա պատասխանեց, որ խնդրով կզբաղվեն համապատասխան մարմինները››,- ասաց Կարինե Թուխիկյանը, և ավելացրեց, որ մինչև նոյեմբերի 7-ը այդպես էլ ոչ մի պատասխան չեն ստացել: Բանախոսը նշեց, որ իրենք 5-6 շահառուների հետ հանդիպել են նախարարի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի նա իրականացնի հանդիպումը նախարարի հետ: Կարինե Թուխիկյանի կարծիքով հանդիպումը չի կայացել, քանի որ նախարարը իրենց ընդունելու ժամանակ չի գտել: Խոսելով շահառուներին մատակարարվող դեղերի որակի մասին՝ բանախոսը նշեց, որ նախարարի ներկայացրած դեղի արժեքը չի համապատասխանում իականությանը: ‹‹Այդ դեղի 1 հատը՝ 10մգ. արժե 1150 դրամ, որը 2.3 դոլար է: Ավելի էժան դեղերի փորձարկումից շահառուների մոտ նկատվում է ավելորդ ագրեսիա››, - ասաց Կարինե Թուխիկյանը և ավելացրեց, որ իրենց նպատակն է արդեն հասարակության մեջ ինտեգրված շահառուներին համապատասխան մարմինները թույլ տան ապրել լիարժեք կյանքով: Մարիամ Հակոբյան
