Այս ֆոնին շմայսների արարքները միայն հաճոյախոսություն են թվում.Արմինե Օհանյան
«Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ «Հայելի» ակումբում քննարկմանը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հիշեցրեց, որ Ռուբիկ Հակոբյանը ծրագրված, խորամանկորեն Վահե Մակարյանին տարել է մի տեղ եւ ձեռքերին ազատություն տվել այն դեպքում, երբ լրագրողը նրան միայն «պարոն»-ով է դիմել։ Այս ֆոնին շմայսների արարքները միայն հաճոյախոսություն են թվում Ռուբիկ Հակոբյանի արարքի ֆոնին։ Այդ ամենը նպատակ ունի դաշտում թողնել միայն ԱԺ պատգամավորներին եւ պաշտոնյաներին հաճելի հարցեր տվող լրագրողներին, եւ որ նման գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն լրագրողական համայնքի կողմից,ասաց Արմինե Օհանյանը: «Հրապարակ»-ի գլխավոր խմբագրին զայրացրել է այն հանգամանքը, որ միջադեպից հետո ԱԺ պատգամավորներից ոմանք կատակում եւ հումոր էին անում, թե մենք բոլորս Ռուբիկ Հակոբյան ենք։ Գտնվեցին ԶԼՄ-ներ, որոնք հավասարության նշան դրեցին բռնության ենթարկված լրագրողի եւ ԱԺ պատգամավորի միջեւ, նրա ստերը տիրաժավորեցին,հավելեց Օհանյանը: Հիշեցնենք,որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ դեկտեմբերի 7-ին ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կիրառած բռնությունը՝ լրագրողին մի անկյուն տանելն ու նրան հարվածներ հասցնելը, շարունակում է քննարկվել լրագրողական եւ հասարակական կազմակերպությունների շրջանակում։ Մի շարք լրագրողական կազմակերպություններ դատապարտել են լրագրողի նկատմամբ բռնությունը։
