Ծննդկանին չեն կարողանում հիվանդանոց հասցնել. Ավազան գյուղից ահազանգում են
Հանրապետությունում տեղացող առատ ձյունը պատճառ է դարձել բազմաթիվ միջադեպերի, վթարների ու կատաստրոֆիկ իրավիճակների: Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում ճանապարհները փակ են,ամբողջ գյուղը ձյան հաստ շերտի տակ է հայտնվել ու գյուղում խուճապային իրավիճակ է: Հայելի.am-ի հետ զրուցում Ավազան գյուղի բնակիչ Ղազար Արշակյանը փաստեց, որ այս պահին գյուղում ծննդկան կա, ում չի հաջողվում հիվանդանոց տեղափոխել: Համագյուղացիները փորձում են սեփական ուժերով ճանապարհը մաքրել, բայց դրա համար բավականին ժամանակ է հարկավոր: « Ծննդկանը արդեն ցավեր ունի` տղա երեխայի է սպասում,ընտանիքը անհանգիստ է, նման դեպք չէր եղել: Ահավոր վիճակ է գյուղում»,- ասաց մեր զրուցակիցը: Ձյուն մաքրող մեքենաները ուշանում են, իսկ բահերը անզոր են առատ ձյան առջև: «Գյուղից չենք կարողանում դուրս գալ, Ավազանից դեպի Վարդենիս ճանապարհը փակ է, մոտ 80 մեքենա արգելափակվել է, չգիտենք ինչ պետք է անենք: Հարևան գյուղ Արփունքի և մի շարք այլ գյուղերի ճանապարհը ևս փակ է, մենք հայտնվել ենք վանդակում, չենք կարողանում հյուր գնալ, տանից դուրա գալ: Զանգել ու դիմել ենք փրկարարներին, բայց դեռ ամեն բան անորոշ է»,-ահազանգ հնչեցրեց մեր զրուցակիցը: Աստղիկ Ավագյան
