Շերիֆական ինստիտուտի ներդրում. Ճանապարհային ոստիկանությունը կվերանա
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասաց, որ Հայաստանում ճանապարհային ոստիկանություն հասկացությունը կվերանա, կստեղծվեն քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ: «Ներկայիս իրավիճակի պայմանների շտկման և բարելավման ուղղությամբ ենք աշխատում: Առաջինը համայնքային ոստիկանության հիմնադրումն էր: Եթե շատ կոպիտ ասեմ` սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց հայկական տարբերակով: Սա դեռ կայացման փուլում է, արդեն կայանում է, բայց ունենք անելիքներ: Ինչպես նաև փոփոխություններ են արվում Անձնագրային եւ վիզաների վարչությունում: Ճանապարհային ոստիկանությունում էլ մենք մի շատ լուրջ մտահղացում ունենք, խոսքը գնում է պարեկային ծառայությանն անցնելուն: Այսինքն՝ ընդհանրապես ճանապարհային ոստիկանություն հասկացությունն ըստ երևույթին կվերանա, և կլինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի և ճանապարհային ոստիկանության աշխատանքով, և հասարակական կարգի ապահովմամբ»,- ասաց նա:
