Առեղծվածային վթար Երևանում. տրակտորը քարշակի վրայից ընկել է և հայտնվել Lexus-ի վրա. տեսանյութ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Արմեն Հովհանյանը, վարելով բեռնատար քարշակ ավտոմեքենան, չի պահել անվտանգության կանոնները։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում քարշակի վրա բարձած տրակտորն ընկել է քարշակի վրայից և հետ ընթանալով՝ հայտնվել Երևանի բնակիչ, 63-ամյա Հարություն Գևորգյանին պատկանող Lexus մակնիշի 19 ԼՕ 030 համարանիշի ավտոմեքենայի վրա՝ ամբողջովին վնասելով մեքենայի առաջամասը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է տեսուչ Նորիկ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
