Բռնությունը չի կարելի խրախուսել, ներել, հանդուրժել

Երեկ ԱԺ պատգամավոր, դե ֆակտո «Ժառանգություն» խմբակցության անդամ, դե յուրե՝ որեւէ խմբակցության կամ կուսակցության չանդամ Ռուբեն Հակոբյանը բռունցքներով հարձակվել է մեր լրագրողի՝ Վահե Մակարյանի վրա, հենց ԱԺ շենքում հաշվեհարդար տեսել նրա հետ։ Բոլոր նորմալ մարդկանց մոտ հարց կառաջանա, թե ինչն է այդպես վրդովվեցրել պատգամավորին, որն ընդդիմադիր լինելու համարում ունի, երբեմն անգամ ԱԺ ամբիոնից քննադատական ելույթներ է ունենում եւ սրան-նրան դասեր տալիս։ Մարդկանց մի մեծ խումբ նման դեպքերում հակված է մեղադրել «զոհին», իբր նա հրահրել է, առիթ է տվել բռնության, իրեն լավ չի պահել եւ այլն։ Եվ դա միայն լրագրողների դեպքում չէ, ցանկացած բռնության դեպքում է այդպես։ Բայց սա այն դեպքերից է, որտեղ լրագրողը չի խախտել լրագրողական գործունեության սահմանները, չնայած լրագրության միջազգային կանոններն ասում են, որ լրագրողն իրավունք ունի նաեւ սադրելու, հրահրելու, գույները խտացնելու եւ այլն։ Մինչ միջադեպը, մի շարքային զրույց է ընթացել պատգամավորի եւ լրագրողի միջեւ, որից կատաղելու համար մարդն առնվազն պետք է լուրջ հոգեկան խնդիրներ ունենա եւ խրոնիկ կատաղության հիվանդությամբ տառապելիս լինի։ Ստորեւ մեջբերում ենք ծեծի առարկա դարձած զրույցն ամբողջությամբ, որը սովորական պայմաններում չէինք տպագրի։ Նախ նշենք, որ երեկ «Ժողովուրդ» թերթը մի լուր էր տպագրել Ռուբիկ Հակոբյանի մասին․ «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը 2015-ի սեպտեմբերի 17-ին դուրս եկավ ընդդիմադիր խմբակցությունից: Դեռ այդ օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հակոբյանը մտադիր է կրկին հետ գնալ իր նախկին կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, որի անդամ է եղել 1990-2008-ը: Նրա լոբբինգով ՀՅԴ-ում զբաղվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Աղվան Վարդանյանի բոլոր բանակցությունները ձախողվել են, եւ Ռուբիկ Հակոբյանին ՀՅԴ-ում չեն ցանկանում կրկին «հետ ընդունել»»: Լուրն առավոտյան արդեն հունից հանել էր «հերոսին», որն իր ֆեյսբուքյան պատին վիրավորանքներով լի գրություն էր դրել թերթի հասցեին։ Ի դեպ, սա մամուլի եւ Ռուբիկ Հակոբյանի առաջին «հանդիպումը» չէ, տարիներ առաջ նա «Հրապարակին» էլ էր «անդրադարձել»։ Նա այն գործիչների թվին է պատկանում, ովքեր կարծում են, որ իրենց մասին, ինչպես մեռելների, կարելի է գրել միայն կամ լավը, կամ՝ ոչինչ։ Իրեն դուր չեկած յուրաքանչյուր նախադասություն նա սվիններով է ընդունում եւ անցնում հայհոյանք-վիրավորանքների։ Այս պահվածքին, հավանաբար, նպաստում է նաեւ ալկոհոլի նկատմամբ նրա հայտնի սերը։ Այդ սերն այնքան խորն է, որ ԱԺ նիստերի օրերին անգամ մի խմբով պարբերաբար փակվում են սենյակներում եւ կոնծում։ Երեկ եւս լրագրողները Քյավառ Ռուբոյի կարմրատակած եւ սպիրտի հոտով կերպարից այդ եզրահանգման էին եկել։ Այժմ՝ բուն միջադեպի մասին․ Ռուբիկ Հակոբյանը զրուցելիս է եղել լրագրողների հետ, հերքել է «Ժողովրդի» լուրը, խոսակցության կեսից միացել է մեր թղթակիցը եւ փորձել մի քանի հարց տալ նրան։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նախկին դաշնակցականներ չեն լինում, Հակոբյանն ասել է. «Կապ չունի՝ նրանք Դաշնակցության ներսում կլինեն, կազմակերպական կառույցում կլինեն կամ դրա կառույցից դուրս, եթե իսկապես նրանք հավատացել են, դա իրենց համոզմունքն է եղել, բնականաբար, իրենք մնում են էդպիսին։ Եվ եթե Դաշնակցության պատմությանը նայենք, բնականաբար, շատ լուրջ դեմքեր կամ հեռացվել են, կամ դուրս են եկել, խնդիրն այն չի, խնդիրն այն է, որ եթե գաղափարական ես, դու միշտ մնում ես այդ հարթության վրա»։ Հարց. Yerkir.am - ՀՅԴ գաղափարախոսությունը կրո՞ղն եք Դուք։ - Ես կարծում եմ՝ ովքեր հետեւել են իմ քաղաքական կենսագրությանը, որեւէ մեկը չի ժխտում դա, որ այն գաղափարախոսությունը, այն սկզբունքը, ես ունեցել եմ 1998 թվականից... տեսեք՝ 98թ.-ից պառլամենտական մոդելի կողմնակիցն եմ եղել, եղել եմ հանձնաժողովի անդամ, ներկայացրել եմ հատուկ կարծիք, երբ 95թ. քննարկվում էր եւ այլն։ Խնդիրը մեզ մոտ երբեմն պարզեցնում են, երբեմն սայլը բանից առաջ են կապում։ - Hraparak.am - Պարոն Հակոբյան, ո՞րն է ՀՅԴ գաղափարախոսությունը, եթե մեկ բառով ձեւակերպենք։ - Կարդացեք նրանց ծրագիրը, կարծում եմ՝ շատ մանրամասն կա։ - Այն գաղափարախոսությունը, որը Դուք ինքներդ կրում եք։ - Ես շատ ճիշտ տեղը ասում եմ՝ որտեղ է. ՀՅԴ-ն ունի ծրագիր, ունի Ռուբենի հատորները, որովհետեւ կարճ՝ երկու նախադասությամբ դժվար կլինի ասելը։ Այ, կկարդաք, եւ ամբողջությամբ Ձեզ համար հասկանալի կլինի։ - Չէ, այն, ինչ որ Ձեր մեջ է, ես դա եմ ուզում հասկանալ, ո՞րն է այդ գաղափարախոսությունը։ - Դուք էսպես չեք կարող հասկանալ։ - Ինչի՞ց եք որոշում, որ չեմ կարող հասկանալ։ - Որովհետեւ, եթե էդ հարցը տալիս եք՝ որն է այդ գաղափարախոսությունը, այս պահին որ ես պետք է Ձեզ բացատրեմ՝ 20 լրագրողի ներկայությամբ... - Որը Ձեր մեջ է, պարոն Հակոբյան... - Ձեր մեջ ո՞րն է, հայերեն նախադասություն ձեւակերպեք։ - Ո՞րն եք Դուք կրում, այդ գաղափարախոսությունը ես նկատի ունեմ։ - Ես ասում եմ՝ այդ գաղափարախոսությունը, որ Դուք ամբողջությամբ պատկերացնեք, խորհուրդ եմ տալիս, հասցեներ եմ ասում, Ռուբեն կարդացեք, Նավասարդյան կարդացեք... - Ձեր մեջ արմատացա՞ծ չէ այդ գաղափարախոսությունը, քանզի ես ուզում եմ հասկանալ... - Դու չես կարող հասկանալ։ - Ինչի՞ց եք որոշում, որ ես չեմ կարող հասկանալ։ - Էդքան ասում եմ՝ Դուք չեք պատկերացնում։ - Դուք էլ չեք պատկերացնում՝ որն է այն գաղափարախոսությունը, որ կրում եք՝ որպես նախկին դաշնակցական, քանզի Դուք հեռացվել եք ՀՅԴ-ից։ - Ես չեմ հեռացվել։ Դուք ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեք։ - Տեղեկացրեք, ուրեմն։ Այլ լրագրողի հարցեր իր քաղաքական ապագայի մասին... «Ես կլինեմ ընդդիմադիր դաշտում, ես հիմա որեւէ մեկի հետ չեմ զրուցում... չեմ բացառում նաեւ, որ ընդհանրապես չմասնակցեմ»,-ասաց նա։ «Հրապարակի» հարցը - Ընդդիմադիր դաշտի ո՞ր ուժն է Ձեզ ավելի հարազատ։ - Ես Ձեր հարցերին չեմ ուզում պատասխանել, որովհետեւ Դուք ինձ հարց չեք տալիս լսելու համար, Դուք ինչ-որ մի բան եք ենթադրում, դրանք պնդում եք։ Ես Ձեր հարցերին պատասխանեցի, Դուք չեք հասկանում... եւ առաջին դեպքը չի։ Դուք եթե լրագրող եք, Դուք իրավունք ունեք հարց տալ, պատասխանողն իրավունք ունի պատասխանի այն, ինչ ուզում եք։ Եթե 27 անգամ կրկնեք դա, չի նշանակում, թե շատ խելոք եք։ - Ես 28-րդ անգամ կարող եմ նույն հարցը տալ՝ այն ակնկալիքով, որ կհասկանան իմ հարցը։ - Ես այլեւս Ձեր որեւէ հարցի չեմ պատասխանում, եւ պետք է իմանայիք մինչեւ հիմա, որ ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, որովհետեւ դիտում եմ, որ Դուք պրովոկացիաներ եք անում, ցտեսություն։ Այս երկխոսությունից մի քանի րոպե հետո Ռուբիկ Հակոբյանը մոտենում է մեր լրագրողին եւ կանչում մի կողմ։ Նրա կողքին կանգնած գործընկերները համոզում են չգնալ, հավանաբար, տեսնելով պատգամավորի ոչ ադեկվատ վիճակը։ Ապա փորձը երկրորդ անգամ է կրկնվում՝ փոքր-ինչ ավելի ուշ։ Լրագրողները փորձում են ուղեկցել Վահեին, սակայն Հակոբյանը թույլ չի տալիս, թե՝ գնում ենք զրուցելու։ Եվ Վահե Մակարյանին իջեցնում է ներքեւի հարկ, որտեղ ոչ ոք չկա եւ, ամենակարեւորը՝ տեսախցիկներ չկան։ Ճանապարհին արդեն Վահեն կռահում է, թե ինչ մտադրություն ունի քյավառցի Ռուբոն, սակայն մինչեւ վերջին պահը չի պատկերացնում, որ պատգամավորը կարող է այնքան «իջնել», որ ձեռնամարտի նետվի իրենից երեք անգամ քաշով նվազ երիտասարդ լրագրողի հետ։ Մի քանի նախադասությունից հետո նա ոչ դես, ոչ դեն՝ բռունցքով հարվածում է մեր լրագրողի դեմքին, որից նա գետնին է տապալվում։ Եվ սկսում է սեռական հայհոյանքներ տեղալ։ Հետո էլի հարվածներ է տեղում ոտքի ելած տղային։ Վերջինս փորձում է պաշտպանվել, հակադարձել, բայց ուժերն անհավասար են եղել, ձեռնամարտը կերած-խմած պատգամավորի օգտին է ավարտվել։ Եթե մինչ օրս մենք կարծում էինք, որ բռնության, ծեծի կողմնակիցները բացառապես իշխող կուսակցությունում են ծվարել, պարզվում է՝ այդպես չէ։ Խորհրդարանի հեղինակությունը զրոյի հավասարեցրած, որպես օրենսդիրներ չկայացած, հաջորդ խորհրդարան սողոսկելու հնարավորությունից զրկված մարդիկ, բնական է, այս շրջանում իրենց անելիքը չգիտեն, իրենց ապագան չեն պատկերացնում, եւ նյարդերն էլ տեղի են տալիս։ Բնական է նաեւ, որ մեզանում այնպիսի անպատժելիության մթնոլորտ է ձեւավորվել, որ ռուբիկհակոբյանները կարող են լրագրող ծեծել, հետո հայտարարել՝ «իսկ դուք տեսե՞լ եք», հետո, ըստ էության, հաստատել կատարվածը՝ բացատրելով, որ «փորձել է ինձ էթիկայի դասեր սովորեցնել, դաստիարակել», ապա եւ՝ «թող չթաքնվի լրագրողի անվան տակ»։ Իսկ հարց է ծագում՝ դու ո՞վ ես, որ գնահատես՝ ով է լրագրող, ով ոչ։ Որտեղի՞ց ես վերցրել, որ հարց տալը «դասեր սովորեցնել» է նշանակում։ Այսինքն՝ ինքը կարող է ԱԺ ամբիոնից բոլորին դասեր տալ, իսկ երբ իր երեւակայությանը զոռ տալով պատկերացնում է, որ իրեն են դասեր տալիս, բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա։ Երեկ այս միջադեպին արձագանքեցին գրեթե բոլորը՝ հիմնականում դատապարտեցին։ Իսկ մեր որոշ գործընկերներ փորձեցին «արջի ծառայություն» մատուցել Հակոբյանին, այդ թվում՝ Հանրայինի լրատվականը։ Երբ Հ1-ից զանգահարեցին, մենք զարմացանք եւ ուրախացանք, որ Հանրայինում դրական փոփոխություններ կան, դա վերագրեցինք նորանշանակ կադրերին, բայց երեկոյան ռեպորտաժը լսելով, հասկացանք, թե ինչու է հանկարծ Հանրային հեռուստաընկերությունը «հիշել», որ ինքն էլ է լրատվամիջոց եւ պետք է անդրադառնա օրվա կարեւոր թեմաներին։ Տողատակերում բռնացողին պաշտպանելը, ռեպորտաժը հիմնականում նրա խոսքի վրա կառուցելը, նրա ստերն առանց քննելու տալը, իսկ մեր լրագրողին թույլ ու հավատ չներշնչող նախադասություններով ներկայացնելը նշանակում է խեղաթյուրել իրականությունը։ Իսկ բռնացողն արդեն փորձում է իրեն «հերոսացնել», իբր՝ պատգամավորներն ու լրագրողները զանգում, շնորհակալություն են հայտնում իրեն։ Անչափ հետաքրքիր կլիներ լսել «շնորհակալություն» հայտնողների անունները։ Երեկ միջադեպին արձագանքեց մարդու իրավունքների պաշտպանը․ ««Հրապարակ» օրաթերթի լրագրողի եւ ԱԺ պատգամավորի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: Հուսով եմ՝ բոլոր մանրամասներն օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում, եւ կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ: Որեւէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը»: Եվ հայտարարությամբ հանդես եկան երեք լրագրողական կազմակերպություններ՝ «Ազատ լրագրողների ասոցիացիա»,«Լրագրողների միավորում», «Մեդիա եւ իրավունք», որոնք արձանագրեցին․ «Ռուբիկ Հակոբյանը պետք է պատրաստ լիներ նման հարցերի, քանի որ պարբերաբար քաղաքական ճամբար է փոխել, եւ, բնականաբար, իր անցած ուղու մասին հարցեր լրագրողները կարող էին տալ: Մենք դատապարտում ենք Հակոբյանի արարքը, պահանջում ենք, որ նա ներողություն խնդրի Վահե Մակարյանից եւ ամբողջ լրատվական դաշտից՝ մեր գործընկերոջ նկատմամբ նման պահվածքի համար, ինչպես նաեւ հայտնում ենք մեր աջակցությունը Վահե Մակարյանին»: «Հրապարակ»

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան #ՈՒՂԻՂ․ Գյումրին «թքեց» Նիկոլի վրա․․․ ի՞նչն է նրան խանգարմունքի հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am