«Մաքսիմալ ուշադիր եղե՛ք». Կարեն Կարապետյանը՝ Արտակ Շաբոյանին
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում՝ հաշվի առնելով գալիք ամանորյա տոները: «Մաքսիմալ ուշադիր եղե՛ք, տնտեսվարողի շահն ապահովեք, միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ արհեստական է, գերիշխող, որպեսզի բիզնեսի համար բեռ չդառնա»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետն ասաց, որ կառավարության նիստերի ժամանակ տրված առաջին հանձնարարականների շարքում են չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված լուծումների առաջարկները. «Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև նրանց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջադրվել են գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները:
