Էքստրասենսի սպանության մեղադրյալը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը` դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ: Դատական նիստն սկսվեց 44 րոպե ուշացմամբ, ինչի մեկնարկին դատարանին ներկայացվեցին ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի միջնորդությունն ու բժիշկների կողմից տրված տեղեկանքներն այն մասին, որ հոգեբույժի վերահսկողության տակ է գտնվում: Իր միջնորդությունում Մուշեղ Մխիթարյանը գրել էր, որ մի շարք հիվանդություններ ունի, և իր հետ ինչ-որ բան է կատարվում, որը խանգարումներ է հիշեցնում՝ աղ է լցնում արյունահոսող վերքերի վրա, նստում է սառը հատակին, ինքնավնասում է իրեն: Մխիթարյանը միջնորդություն էր ներկայացրել դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության պահանջով։ Նման տեղեկանք էր տրամադրվել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գլխավոր մասնագետի կողմից, համաձայն որի՝ Մուշեղ Մխիթարյանը ինքնավնասումներ է կատարում և գտնվում է հոգեբույժի հսկողության տակ: Մուշեղ Մխիթարյանի միջնորդության վերաբերյալ դատարանը լսեց կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:
