‹‹Որսագողությունը ևս գողություն է›› -Բարդուղ Գաբրիելյան
Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը ներկայացրեց Սևանա լճում ձկնորսությանն առնչվող արգելքներն ու տարվա ընթացքում ձկնատեսակների պաշարների արդյունքները: Բանախոսը խոսեց Կառավարությանը ներկայացրած իրենց առաջարկից.. ‹‹Մենք առաջարկել ենք նախաձվադրային և ձվադրային շրջանում ավելի ուժեղ հսկողություն իրականացնել: Որոշումն ընդունվեց, և արգելքը ուժի մեջ մտավ դեկտեմբերի 1-ից, սակայն պետք է նշեմ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին սիգը վաճառվել է: Եթե քաղաքում ձկնատեսակը վաճառվում է, ուրեմն Սևանում դեռ որսը իրականացվում է: Մեր գործն է տալ իրական պատկերն ու այն քանակը, որը կարող է պոպուլացիայի համար անվնաս լինել, բայց մենք չենք կարող կանխատեսել, որ իշխանի և խեցգետնի անվան տակ, այլ ձկնատեսակներ կորսան ›› : Խոսելով արդյունագործական ձկնատեսակներից ստացած պաշարներից՝ Բարդուղ Գաբրիելյանը ընդգծեց վերջիններիս պաշարների նվազումն ու էնդեմիկ ձկնատեսակների վերացման մոտ լինելը. ‹‹Որսի ուժեղացումով պայմանավորված, կարասի պաշարներն այս տարի նվազել են: Չնայած նրան, որ էնդեմիկ տեսակներից իշխանի պաշարները նույնն են, ինչ անցյալ տարի, բայց մենք գնում ենք մոտ ապագայում կողակի և բեղլուի ոչնչացման››: Հանդիպման վերջում բանախոսն ավելացրեց, որ պետք է արգելքի դիմաց տեղի բնակչությանն այլ արտոնություններ տալ, այլապես ավելի լավ է չարգելել, քան արգելել և տեղը ոչինչ չտալ: Մարիամ Հակոբյան
