Պատգամավորը՝ լրագրողի հետ ունեցած միջադեպի մասին
Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ կրկին մեկնաբանեց իր և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Հակոբյանը պնդեց, որ լրագրողն իրեն պահել է խուլիգանի նման: «Երբ ավարտվեց հարցազրույցը, լարվածությունը կար, և ներքևում ամենավերջին խուլիգանի նման է նա պահել իրեն, նույնիսկ ասաց՝ էթիկայի կանոններն եք խախտում, ես Ձեզ կդաստիարակեմ: Ես հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրուցում, զրուցում եմ պարզագույն խուլիգանի հետ և հրավիրեցի, որ եթե դաստիարակելու բան կա, դաստիարակենք»,- ասաց նա: Դիտարկմանը, թե լրագրողի դեմքի վրա տեսանելի են հարվածի հետքերը, Հակոբյանը պատասխանեց. «Տեսեք` եթե հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել, օրենքի սահմաններում ճշտել, չնայած ինքն ասում էր, որ տղայականով էլ կարող է: Ես դիտում եմ, որ որևէ հակաօրինական բան չկա: Երբ տեսնում ես, որ ժուռնալիստը ժուռնալիստ չէ, իրեն խուլիգանի նման է պահում, երևի պետք է թույլ չտալ, որ խուլիգանությունը տարածվի: Երբ քննություն լինի, կտեսնեք, եթե հակաօրինական քայլ կա, պատրաստ եմ ներողություն խնդրել»:
