««Նաիրիտ»-ը տարիներ շարունակ աշխատել, բայց չի եղել շահութաբեր ընկերություն». Դավիթ Հարությունյան
ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչու նոյեմբերի 28-ին անսպասելիորեն տեղի ունեցավ դատական նիստ, որտեղ «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց։ Պատգամավորն ընդգծեց, որ կառավարությունը հրաժարվել է իրենց խմբակցության առաջարկը հաշվի առնել և սառեցնել «Նաիրիտի» պարտքերն ու հարկային արտոնություն տրամադրել՝ պնդելով, որ այսպիսով կառավարությունը խոչընդոտում է իր իսկ կողմից հայտարարած ներդրողների մրցույթը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը շտապեց հանգստացնել ՕԵԿ ղեկավարին՝ ընդգծելով, որ սնանակացումը ընկերության առողջացման եղանակներից մեկն է։Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքն ամենևին լարված չէ: «Հեշտ է պոպուլիստական հայտարարություն անել, բայց դրանք շատ ծանր են նստում, ավելի լավ է ասել ճշմարտությունը: «Նաիրիտ»-ը տարիներ շարունակ աշխատել, բայց չի եղել շահութաբեր ընկերություն, եթե անգամ մարդկանց վճարում էին աշխատավարձ, դա լինում էր ի հաշիվ պետական ընկերությունների ու հարկատուների: Եթե գտնվի ներդրող, հրաշալի է, բայց եթե չգտնվի, դա չի նշանակում որ հարկատուների հարկերը անվերջ պետք է ուղղվեն նաիրիտցիների աշխատավարձը փակելուն»,- ասաց նա:
