Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանություն մանրամասները
Օրերս հայտարարվեց սույն թվականի հունիսի 4-ին, հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն սպանողների գործի նախաքննության ավարտը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լեզվաբանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեց դեպքի մանրամասները. «Տիկին Փառանձեմի ամուսին Եղիշե Խաչատրյանը սպանվել է Նուբարաշեն խճուղու հատվածում, ավտոտեխսպասարկման կետի մոտ: Մարմնական վնասվածքներ է ստացել նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը: Այդ դաժան դեպքը տեղի է ունեցել մահացածի մոր աչքի առջև: Նրանք երթևեկել են Եղիշե Խաչատրյանին պատկանող գազել ավտոմեքենայով և նրանց հանդիպակած կողմով սլացել է մի մեքենա՝ բոլոր կանոնները խախտելով: Եղիշե Խաչատրյանին հաջողվել է արգելակել և խուսափել վթարից, բայց, փաստորեն, դիմացիների կյանքը փրկելը եղել է նրա համար ոչ թե փրկություն, այլ՝ ծանր դեպք», - ասաց փաստաբանը: Նա պատմեց, որ այդ մեքենայից դուրս են եկել ոգելից խմիչքի և թմրանյութերի ազդեցության տակ գտնվող 4 հոգի, որոնցից մեկը՝ աղջիկ: «Նրանք սկսել են վիճաբանել Եղիշե Խաչատրյանի հետ և մոր ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հղել: Եղիշե Խաչատրյանը ստիպված է եղել իջնել ավտոմեքենայից և այդ անձինք նրան դաժան ծեծի են ենթարկել: Այդ ընթացքում ավտոտեխսպասարկման կետից ևս երեք հոգի վազելով եկել են և նրանցից մեկն անմիջապես բութ առարկայով հարվածել է Եղիշե Խաչատրյանի գլխին, նա ընկել է և վեց հոգով սկսել են դաժանաբար ծեծել նրան մինչև, որ նա մահացել է: Հետաքննության արդյունքում պազվել է դեռ նրանցից 5-ի անձը: Նրանք եղել են Խաչիկ Կոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Արարատ Նիկողոսյանը, Արթուր Զաքարյանը, իսկ գործի վկա է Մարիամ Գրիգորյանը»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը և հավելեց, որ Յուրի Հակոբյանը մինչ այդ եղել է «Լիդո» հարսանեկան սրահում՝ իր հարսանիքի կազմակերպչական հարցերով: Այդ ռեստորանը պատկանում է Արտաշես Չիչոյանին: Յուրի Հակոբյանի փաստաբանը հրապարակել է թերթում, որ այդ պահին Յուրի Հակոբյանը գտնվել է «այլ վայրում», չնշելով ռեստորանի անունը, քանի որ բոլորը լավ գիտեն, թե ում է պատկանում ռեստորանը: Բոլոր մեղադրյալները միայն մեկ խնդիր էին դրել իրենց առջև՝ մեղադրել մեկին՝ Արտաշես Չիչոյանին, որպեսզի բոլորով պատասխանատվություն չկրեն: «Դա բացառվում է, քանի որ 6-ն էլ ծեծի են ենթարկել Եղիշե Խաչիկյանին և դրա կենդանի վկան է եղել մահացածի մայրը»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:
