Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն սպանողները թմրամոլներ են
Հունիսի 4-ին կատարված սպանության մանրամասները պարզվել են: Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին սպանողները եղել են թմրամոլներ, ինչը հետո պարզվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Լեզվաբանի խոսքով՝ փորձաքննության արդյունքում պարզվել է նաև, որ իր ամուսնու օրգանիզմում ընդհանրապես չի եղել ալկոհոլ, ինչի մասին սխալմամբ գրել էին որոշ լրատվամիջոցներ: Փառանձեմ Մեյթիխանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօրվա մամուլի ասուլիսում ասաց, որ այժմ 5 հոգի է մեղադրվում սպանության մեջ, իսկ 6-րդի վերաբերյալ դեռ տվյալներ չկան: «Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նրանցից բոլորը թմրանյութի ազդեցության տակ են եղել, բացի այդ, նրանք թմրամոլներ են և բերդում էլ շարունակում են այդ թմրանյութերի օգտագործումը: Քրեական գործ է առանձնացվել թմրանյութերի իրացման հետ կապված»,- ասաց փաստաբանը: Փառանձեմ Մեյթիխանյանը ամուսնու հուղարկավորության հաջորդ օրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջով, որ իր ամուսնուն սպանած բոլոր անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության: «Եթե ընդհանրապես բավարար ապացույցներ չունենար նախաքննական մարմինը, միայն գաղտնալսումներով հստակ երևում է յուրաքանչյուրի մասնակցությունը: Արարատ Նիկողոսյանն ինքը խոստովանում է իր ընկերուհուն, որ խփել է: Այդ գաղտնալսումները լսելուց առաջ ես փորձում էի հասկանալ արդյոք նրանք զղջում են, միգուցե ներսումս խի՞ղճ արթնանա: Գաղտնալումներից հետո կարող եմ ասել, որ խղճում եմ նրանց ծնողներին», - ասաց Փառանձեմ Մեյթիխանյանը, հավելելով, որ նախաքննական մարմինների կատարած գործողությունները առայժմ բավարարում են իրեն: «Հիմա բոլոր կուսակցությունները պայքարում են, քանի որ առաջիկայում ընտրություններն են: Ես ի սկզբանե ձախողված եմ համարում այդ պայքարը, քանի որ նրանց բոլորի միակ պայքարը պետք է լինի հանուն մարդու, ոչ թե հանուն իշխանության: Հույս ունեմ, որ հետագա քննության արդյունքում կկայացվի այնպիսի որոշում, որից իմ ընտանիքը բավարարված կլինի: Բայց այնուամենայնիվ, իմ ընտանիքը ցմահ այդ վիշտը չի կարող մոռանալ»,- եզրափակեց Փառանձեմ Մեյթիխանյանը:
