«Գազպրոմ»-ի 20 տոկոս բաժնեմասը՝ 300 միլիոն դոլար պարտքի դիմաց անտրամաբանական բան չի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության 20 տոկոս մասնաբաժինը 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ» ընկերությանը զիջելու գործարքը ճիշտ և տրամաբանական է համարում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը, պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, ընդգծեց, որ որևէ անտրամաբանական բան չի տեսնում նրա մեջ, որ կառավարությունը իր ակտիվներով կարող է ինչ-որ բանի դիմաց վճարել: «Ես դրանում որևէ անտրամաբանական բան չեմ տեսնում, որ դու կարող ես քո ակտիվներով վճարել որևէ բանի դիմաց, հատկապես երբ դու նվազեցնում ես արտաքին պարտքը»,- նշեց վարչապետը: ՀՀ վարչապետը համաձայն չէ դիտարկման հետ, թե այդ գործարքը հանգեցրեց նրան, որ «Գազպրոմ»-ը Հայաստանի համար բարձրացրեց գազի սակագինը: Նա հավելեց, որ բոլոր ժամանակներում Հայաստանի համար գազի գինը եղել է նվազագույն հնարավորը տարածաշրջանում: «Որևէ պահ չի եղել, որ Հայաստանին գազի գինը մատակարվել է տարածաշրջանում ոչ ամենաէժան գնով»,- նշեց նա:
