Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալո՞ւ է, թե չէ՝ ոչ
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց գազի սակագների վերաբերյալ: Նա նշեց, որ գազի սակագների իջեցման հետ կապված տխուր փորձ կա, առաջին փորձը 2011-ին թվականին էր, երբ գազի գինը փոխվել էր, բայց հանրությունից թաքուն էին պահել: Իսկ ընտրություններից հետո պարզվեց, որ Հայաստանը 300 մլն դոլար պարտք էր կուտակել:«Ունենք փորձ, որ այդ ընտրություններից հետո էլեկտրաէներգիան էլ, գազն էլ թանկացավ: Եթե ընտրությունները ձեր կուսակցության համար լավ ավարտվեն, ձեր կառավարությունը հանկարծ շարունակի գործել, կարո՞ղ եք երաշխավորել երկու բան, որ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի ու գազի սակագները չեն բարձրանա, կամ ՀՀ-ն այս էժանացման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով, ռազմավարական շահով կամ հեռանկարով»,- հարցրեց Փաշինյանը: Ի պատասխան հարցադրմանը՝ վարչապետն ասաց. «Նախահարցի պատասխանը կարծում եմ՝ չեք ակնկալում, իսկ ձեր երկու կետերին պատասխանում եմ՝ այո: Ընտրություններից հետո գազի և էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու»: Սակայն, Փաշինյանը պնդեց, որ նախահարցի պատասխանն ակնկալում է: Մինչդեռ վարչապետը շարունակեց գլխավոր հարցի պատասխանը. «Ընտրություններից հետո գազի գինը չի բարձրանա, և դրա դիմաց Հայաստանը որևէ ռազմավարական օբյեկտով չի վճարելու»:
