Արամ Մանուկյանը Վիգեն Սարգսյանին փողի տեղն է ցույց տալիս
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արամ Մանուկյանն ասաց, թե 27 տարին լրացած և բանակում չծառայած քաղաքացիների՝ պետբյուջե գումար վճարելու մասին օրենքը պետք է գործի: «Փող վաստակելու օրինական ճանապարհն եմ ձեզ ասում: Մեծերից մեկն ասում էր՝ փողի վրա նստած, փող եք ման գալիս, ես արդեն որերորդ անգամ ասում եմ ձեզ փող վաստակելու օրենքով ճանապարհը, ինչո՞ւ չեք անում, կամ էլ այս օրենքը հանեք, սա մի տեսակ գին է փախուստի համար, բայց մարդիկ ասում են՝ կիրառել օրենքը։ 3 զինակոչ չկիրառելու արդյունքում՝ շատ լուրջ քանակ կա, որ սպասում են այս որոշման երկրաձգմանը։ Եթե կիրառվելու է, եկեք դա կիրառենք մինչև նոր տարի, էլ չեմ ասում՝ բյուջեն գումար կգա, նաև հարյուրավոր մարդիկ կկարողանան նոր տարին անցկացնել իրենց տանը»,- հայտարարեց նա: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ ի պատասխան ասաց. «Որպես պաշտպանության նախարար՝ դեմ եմ այս լուծմանը: Համարում եմ, որ պետք անցնել զինվորական ծառայություն, ոչ թե չանցնելու դիմաց փող վճարել, բայց, միևնույն ժամանակ, հարգում եմ ժամանակին ԱԺ ընդունած օրենքը: Պետք է ասեմ, որ այդ վճարներից ստացված միջոցները շատ մեծ դրամական աջակցություն չեն կազմում ռազմական խնդիրները լուծելու համար»:
