Սպիտակի երկրաշարժից հետո
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Խորհրդային տարիներին Հայաստանի սեյսմիկ վտանգը սխալ էր գնահատված: «Սպիտակի երկրաշարժից հետո զարգացած երկրները սկսեցին մշակել տարբեր համակարգեր, մեխանիզմներ, որպեսզի բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնեն»,- ասաց ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Նրա խոսքով` մեր երկրում հնարավոր են ուժեղ երկրաշարժեր, բնական, տեխնածին, համաճարակային, նաև սոցիալական, ահաբեկչական աղետներ, որոնց անհրաժեշտ է պատրաստ լինել: Հայաստանի նորակառույց եւ ամրացված շենքերը համապատասխանում են այն մարտահրավերներին, որ կարող են առաջանալ նման ուժգնության երկրաշարժերի պարագայում: Սակայն երկրաշարժերի, հրդեհների, այլ տեխնածին աղետների արձագանքման ժամանակ նորակառույցների խտությունը կարող է խնդիրներ առաջացնել: Ըստ Գրիգորյանի` այսօր բնակչության պաշտպանության համար մեր երկրում ստեղծված է մեծ, արդյունավետ գործող համակարգ: «Ամբողջ հանրապետությունում ունենք 3000 -ից ավելի պատրաստված, գրագետ գործող հրշեջ-փրկարարներ: Անդրադառնալով հին շենքներին՝ Ն. Գրիգորյանը նշեց, որ այսօր ծրագրեր են մշակվում դրանց ամրացման կամ նորերով փոխարինման ուղղությամբ: Առաջնահերթությունը տրվում է դպրոցներին, մանկապարտեզներին, առողջապահական ու կառավարման շենքերին. «Հին շենքերի ամրացումը չափազանց թանկ է: Նախկին խորհրդային բոլոր երկրները կանգնած են այդ խնդրի առջեւ: Սակայն չի կարելի ասել, որ հետազոտությունները ցույց են տվել, որ դրա համար 25 մլրդ դոլար է անհրաժեշտ, եւ դա երբեք մեզ հասանելի չի լինի: Պետք է ծրագրեր իրականացնել եւ միջոցներ ներգրավել»: Սոնա Դվաթյան
