Անակնկալները չեն բացառվում
ՀՅԴ-ն պատրաստվում է սեփական ուժերով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն նաև համակիրներին ընդլայնելու խնդիր ունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ինչպես ասաց՝ Դաշնակցությունից դուրս եկածները շարունակում են կրել ՀՅԴ գաղափարախոսությունը: «Նրանք, ովքեր եղել են Դաշնակցության մեջ, պատահական չեն եղել, բոլորն էլ ընդունել են Դաշնակցության գաղափարախոսությունը եւ հիմա եթե դուրս են այդ կառույցից, այնուամենայնիվ այդ գաղափարախոսությունը կրողներն են»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց, որ ՀՅԴ-ն հայտնի է իր շատ հստակ գաղափարախոսությամբ, և որևէ մեկը չի կարող լինել իրենց հետ՝ չընդունելով այդ գաղափարախոսությունը. «Գաղափարախոսությունը պետք է ընդունի՝ ազատ լինելով կարգապահական մյուս պահանջներից»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելուն եւ ֆինանսական խնդիրներին, Ռուստամյանն նշեց. «Հիմա դժվար է ասել, քանի որ շատ հստակեցումների խնդիրներ կան, ծրագրեր: Այս պահին մեր որոշումը հստակ է՝ մենք ընտրություններին գնալու ենք առանձնաբար, սակայն կարող է այդ որոշումը փոխվել»:
