Թուրքիան Եվրոպայից թեքվել է իսլամական աշխարհ.թուրքագետ
Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց. «Թուրքիան ոչ միայն տարածաշրջանում է մեկուսացվել, այլև, կարելի է ասել, ամբողջ աշխարհում: Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին այցը Ռուսաստան և դրա արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիան դեռ չի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:Բացի այդ, նոյեմբերի 23-ին Եվրոպայի Խորհուրդը որոշեց սառեցնել Թուրքիա-ԵՄ հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի վերացրել երկրում սահմանած արտակարգ դրությունը, չեն ազատվել կալանավորված ընդդիմադիր պատգամավորները և այլն»: «Թուրքիայում այսօր քաոսային իրավիճակ է: Թուրքիան Եվրոպայից թեքվել է դեպի իսլամական աշխարհ, բայց ես չէի ասի, թե իսլամական երկրները ոգևորված են Թուրքիայով»,-նշեց Չաքրյանը: «Հայաստանի հետ Թուրքիան հարաբերություններ չունի, հետևաբար մեզ համար որևէ փոփոխություն չկա, բայց Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում խոչընդոտ է հանդիսանում ԱՄՆ-Հարավային Կովկաս հարաբերությունների համար: Այդ է պատճառը, թերևս, որ ԱՄՆ-ը Թուրքիային այլևս ռազմավարական դաշնակից չի համարում»,-հարցին, թե Թուրքիայի մեկուսացումն ի՞նչ կերպ է անդրադառնում Հայաստանի վրա,պատասխանեց թուրքագետը:
