«Նաիրիտի» գույքի հետ կապված իրավասությունները անցել են ՀՀ-ին
Վերջերս տեղեկատվություն եղավ այն մասին, որ «Նաիրիտ» ՓԲԸ բաժնետոմսերի 90 տոկոսից ավելին նորից ՀՀ-ինն է լինելու: ԱԺ-ում այս տեղեկատվությանը հղում անելով՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյոք կան արդեն հայտնի ներդրողներ և ինչ ճակատագիր է սպասվում գործարանին: «Դեկտեմբերին «Նաիրիտ» գործարանի գույքի գրավի իրավունքը ՌԴ միջպետական բանկից փոխանցվել է ՀՀ կառավարությանը` երկար աշխատանքից հետո: Եվ այսօր տարվում են փաստաթղթային աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է մոտակա մեկ ամսվա ընթացքում: Գույքի հետ կապված բոլոր իրավասությունները անցնում են Հայաստանի Հանրապետությանը»,- տեղեկացրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ինչ վերաբերում է «Նաիրիտի» վերագործարկմանը, նախարարը նշեց, որ բանակցություններ տարվում էին տարբեր ընկերությունների հետ, բայց. «Այս պահին որևէ ընկերության հետ կոնկրետ պայմանավորվածություններ մենք չունենք»,- տեղեկացրեց նախարար Զախարյանը` ընդգծելով, որ Կառավարությունը նույնպես շահագրգռված է գործարանի վերագործարկմամբ և ամեն ինչ անելու են դրա համար. «Որևէ այլ հարց չի քննարկվում «Նաիրիտի» հետ կապված բացի վերագործարկումից»:: «Աշխատակիցների նկատմամբ որևէ պարտավորություններ էլ չկան»,- հավաստիացրեց նա:
