Նոր համաձայնագրով ՀՀ-ն կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն և կօգտվի շուրջ 500 մլն-անոց շուկայից
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Միասնական ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրամադրվել էր մանդատ, ինչի առթիվ հանրության կողմից բազմաթիվ հարցեր են հնչում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից և նշում, որ այդ կապակցությամբ հարկ են համարում պարզաբանել հետևյալը. «2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո, ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից լայնածավալ աշխատանքներ սկսվեցին միջազգային հարթակներում՝ ՀՀ շուկայի նոր հնարավորությունների ներկայացման և նոր քաղաքականության իրականացման նպատակով: Դեռևս 2 տարի առաջ ՀՀ-ի՝ ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու շուրջ ոչ պաշտոնական քննարկումներ սկսեցին ԵՄ գործընկերների հետ, որոնց արդյունքում՝ 2015 թվականի փետրվարի 5-6-ը տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի հարցերով Գլխավոր տնօրինության (DGMOVE) ներկայացուցիչների փաստահավաք առաքելությունը Հայաստանի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 521-Ա որոշմամբ ստեղծվեց աշխատանքային-բանակցային խումբ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Բրյուսելում մի շարք աշխատանքային քննարկումներ եղան պայմանագրի բանակցման և կնքման շուրջ: Արդյունքում՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին տրվեց ՀՀ հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:
