Բանկեր, դատարաններ, ԴԱՀԿ-ի ճնշումներ. Գյուղացիներն աղետալի վիճակում են
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ գյուղմթերք արտադրող գյուղացիների վիճակն աղետալի է: Այսօր ԱԺ-ում իր ելույթում նա նշեց, որ դեկտեմբերի 4-ին եղել են Արմավիրի մարզի գյուղերում, բայց միայն այնտեղ չէ այդ վիճակն, այլ ամենուրեք. «Մեծամասնությունը վերցրել է գյուղատնտեսական վարկեր՝ գրավադրելով տները, ու հիմա, մի քանի տարվա ցրտահարումից և կարկտահարությունից հետո ուղղակի ի վիճակի չէ վճարել պարտքերը՝ հայտնվելով բանկերի, դատարանների և ԴԱՀԿ-ի ճնշումների ներքո: Խնդիրը ոչ թե մի քանի անբարեխիղճ աշխատողների է վերաբերում, այլ, ըստ էության, բոլորին: Այսինքն՝ սա համակարգային խնդիր է, որով պետք է զբաղվի պետությունը: Վարկերի աներևակայելիորեն բարձր տոկոսադրույքը (24%), որը գյուղատնտեսական վարկը վերածում է սպառողականի, ի սկզբանե դատապարտում է գյուղացիական տնտեսությանն անվճարունակության»: Նրա խոսքով՝ կուտակված տույժերն ու տուգանքները կրկնապատիկ կամ եռապատիկ գերազանցում են վարկի մայր գումարը. ««Սպայկա» ընկերության և մաքսակետերի անօրինական համագործակցությամբ, արհեստական խոչընդոտներով դժվարացել է իրացումը՝ գյուղացուն պարտադրելով աննպաստ գներ: Գյուղատնտեսական վարկերի տոկոսավճարները սպասարկելու նպատակով պետության կողմից տրամադրվող առանց այդ էլ փոքր ծավալի սուբսիդիաները վատնվում են: Մարդիկ չեն հրաժարվում վճարելուց, սակայն, խորացող պարտքային փոսից դուրս գալու հեռանկարի բացակայությունը դատապարտում է տասնյակ-հազարավոր մարդկանց չքավորության՝ գցելով անհուսության գիրկն ու մղելով արտագաղթի»:
