Վրաստանից ներկրված դեղորայքը ակնհայտորեն կեղծված է. Լևոն Ալթունյան
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի մասնակիցն էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչու են Հայաստանում նախընտրում դեղորյաքը ձեռք բերել արտերկրից՝ պատասխանեց. «Երևի թե այստեղ ազդեցություն ունի զուտ հոգեբանական գործոնը, բայց ոչ միայն դա: Մենք բոլորս մտածում ենք, որ Գերմանիայի և Ճապոնիայի համար Հնդկաստանում պատրաստվող նույն սուբստանցիան մաքրման մի երկու օղակ ավել է անցնում, քան Հայաստանի կամ Ռուսաստանի համար»: Այնուհետև հավելեց, որ Վրաստանից ներկրված դեղորայքը ակնհայտորեն կեղծված է: Հարցին` արդյո՞ք արդար է, որ պոլիկլինիկաներում աշխատակիցները 40-50 հազար դրամ են ստանում, Ալթունյանը նշեց, որ եթե բժիշկն աշխատում է ամբողջ հաստիքով, 40-50 հազար դրամ չի կարող ստանալ: «Ընտանեկան բժիշկը ստանում է 150-166 հազար դրամ: Տարիներ առաջ, երբ նոր էր բացվել Վարդանանց բժշկական կենտրոնը /3-4 տարի առաջ/, աշխատակիցներ ընդունելու համար ես առաջարկեցի լավ աշխատավարձեր` 250-300 հազար, աշխատաժամերը` 9:00-15:00-ն: Պատկերացրեք` ցանկացողներ չեղան: Ընտանեկան բժիշկների համար 150 հազար դրամ ստանալ և մինչև ժամը 13-ն աշխատելն ավելի ձեռնտու է»,- ասաց նախարարը:
