«Այս նախագիծն ընդամենը խոստովանություն է՝ սեփական անկարողության մասին». Լևոն Զուրաբյան
ԱԺ-ում պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե այս շաբաթների ընթացքում մեր տնտեսությունն ուղղակի փլուզվում է, քանի որ ԿԲ-ն ու Կառավարությունն այսքան կտրուկ չեն փոխել տնտեսական իրենց գնահատականները. «Այս թվերով դուք ոչ թե պետք է գնայիք ընտրությունների, այլ պիտի միանգամից հրաժարական տայիք ու ճանապարհ բացեիք այն ուժի համար, որը կարող է ստանձնել կառավարման ղեկը: Ես խոսում եմ այն քաղաքական ուժի մասին, որը կարող է հայտարարել այդ իրատեսական ծրագրի մասին ու զարգացման անհրաժեշտ տեմպերը կարող է ապահովել: Այս կառավարությունը չունի երկրի զարգացման բանալի, իսկ մենք ունենք ու կարող ենք ապահովել տարեկան 7 տոկոս տնտեսական զարգացում»: Ըստ նրա՝ 2017թ.-ի պետական բյուջեում ներառված զարգացման թվերը չեն ապահովում աճող պարտքի բեռից դուրս գալու անհրաժեշտ տեմպերը, իսկ դա պետք է լինի 5 տոկոս: «Դուք ասում եք, թե մենք ուզում ենք, որ դուք արտաքին պարտքի քաղաքականությունը փոխեք։ Ո՛չ, չենք ուզում, որովհետև խնդիրը պարտքային քաղաքականության մեջ չէ, խնդիրը զարգացման քաղաքականության, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության մեջ է: Մենք այս թվերով գնում ենք անդունդ»,- նշեց Լևոն Զուրաբյանը: Այնուհետև մեջբերեց վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ մեր արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն ու եկամուտները. «Սա նշանակում է, որ նա լավ է պատկերացնում՝ ինչ խնդիրների առաջ ենք կանգնած: Այս նախագիծն ընդամենը խոստովանություն է՝ սեփական անկարողության մասին»: Սոնա Դավթյան
