«Հերթական անգամ գործ ունենք կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման հետ». Քրիստ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԽՍՀՄ ավանդների վերադարձման կամ վերադարձման նպատակով ցուցակագրման որևէ գործընթաց այս պահին չի իրականացնում և ներգրավված չէ որևէ նման նախաձեռնության մեջ։ Այս հայտարարությունն արվում է ի պատասխան վերջին երկու շաբաթների ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում ստացված բազմաթիվ հեռախոսազանգերի և այցելությունների, ինչպես նաև քաղաքում տարածվող խոսակցությունների: Հերթական անգամ գործ ունենք կեղտոտ տեխնոլոգիաների կիրառման հետ, որի միջոցով փորձ է արվում նախատոնական այս շրջանում մարդկանց մոտ ֆինանսական մուտքերի հույս առաջացնել, ցուցակագրել իրենց ավանդներին սպասողներին, նախընտրական շրջանում առաջարկել քվեարկել X կուսակցության օգտին, որն իր հաղթանակի դեպքում կվերադարձնի ավանդները։ Սա արդեն փորձարկված պրիմիտիվ խաբկանք է, որին ցավոք կարող են տրվել շատերը, ուստի՝ հարկ ենք համարում զգուշացնել և վերահաստատել, որ որպես պատասխանատու քաղաքական ուժ պատրաստ ենք կանգնել մեր քաղաքացիների կողքին՝ տրամադրելով իրական և հիմնավոր տեղեկատվություն, հարկ եղած դեպքերում ներկայացնել և պաշտպանել նրանց իրավունքները: Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյան
