Թրամփից առավել միլիարդատերեր ունենք.Արամ Մանուկյան
«Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Ախր, բյուջեի իմաստը դա չէ, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, իսկ դուք տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, չեք բարձրաձայնում ոչ կոռուպցիայի, ոչ մենաշնորհի մասին: Ո՞րն է ձեր կոնցեպտը, չկա այն: Չէ՞ որ իրավիճակը ճգնաժամային է, ո՞րն է ձեր տարբերությունը նախորդ կառավարությունից: Հիվանդ տնտեսության դեղատոմսը բերե՞լ եք»,-նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Վարդան Արամյանը համաձայնվեց.«Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է: Սակայն բյուջեն նաեւ գործիք է մակրոտնտեսական կառավարման համար: Ձեր նշած խնդիրների մասին մենք ներկայացել ենք մեր մոտեցումները: Օրինակ՝ կոռուպցիայի մասին արտացոլված է Կառավարության մեր ծրագրի մակրո հատվածում: Օրինակ՝ տեղադրել ենք տեղեկատվական համակարգեր, որ մարդը մարդու հետ չշփվի: Կոռուպցիան ծնվում է այնտեղ, որտեղ մարդը թղթերը դնում է թեւի տակ ու գնում է չինովնիկի մոտ, իսկ նա ասում է՝ քո կյանքը այնքան վատ է, որ պետք է այս-այն անել: Մեկ այլ օրինակ բերեմ՝ լիցենզիաներն ամբողջությամբ պետք է էլեկտրոնային դառնան, ու սա կոռուպցիային դեմ ուղղված քայլ է: Բյուջեն նաեւ սոցիալական պարտավորություն է: Ես վստահ եմ՝ մենք հաջողություն ենք ունենալու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերով»: Արամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով. «Այն, ինչ ասում եք, դրանք անհրաժեշտ են: Սակայն դուք մեր հիվանդ տնտեսությանը նայում եք որպես երկար՝ 50 տարվա բուժում անցնող համակարգ, ու նրան տալիս եք մրսածության դեղեր, իսկ համակարգը փտախտի մեջ է, նկատի ունենանք 40 տոկոսանոց ստվերը: Էդ ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս: Ձեր քայլերը լինելով ճիշտ, ադեկվատ չեն մեր տնտեսությանը. պետք են ռադիկալ քայլեր: Մեր երկրում հինգ հոգի Թրամփից առավել միլիարդատերեր են»:
