Վաչե Գաբրիելյանը չհերքեց. տնտեսվարողները խնդիրներ ունեն
Ազգային ժողովում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում բենզինի գները չեն իջնում՝ մինչդեռ, պայմանավորված նավթի գների անկմամբ, աշխարհի շատ երկրներում նկատվել է բենզինի գների անկում, ասաց. «Երբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն կտա պատասխան, այն կլինի հրապարակային ու բոլորը կիմանան, թե ինչումն է խնդիրը: Ձեր բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի քննությունից հետո մենք կիմանանք դրա մասին»:Վաչե Գաբրիելյանը չհերքեց, որ Հայաստանում գազի գնի հետ կապված տնտեսվարողները խնդիրներ ունեն: «Վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն տնտեսվարողների մասնակցությամբ, և գիտեք, որ այդտեղ ևս մեկ անգամ շեշտվեց գազի գնի նպատակահարմարության հարցը: Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը և այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, տարվում են բանակցություններ»,- ասաց Գաբրիելյանը:
