Ի՞նչն էր Դավթաշենում հրդեհի բռնկման պատճառը.Հրապարակ
Դեկտեմբերի 5-ին, գիշերը՝ ժամը 01.06-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 01:53-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ՝ անկողնային պարագաներով: Փրկարարները բնակարանից անգիտակից վիճակում դուրս են բերել 1960 թ. ծնված Տ. Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Շտապ օգնությունից հայտնեցին, որ տուժած անձը տղամարդ է, ով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և ծխախոտի կրակից հրդեհ է բռնկվել: Տղամարդը տեղում հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, ցուցաբերվել է միայն առաջին օգնություն:
