‹‹Ինչ-որ չի անի Ադրբեջանի քաղաքական-ռազմական ուժը, կանի Հայաստանի օլիգարխիկ կառուցվածքը››- Լևոն Շիրինյան
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դեկտեմբերի 5-ին Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում խոսեց Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական դրությունից: Խոսելով Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալուց՝ քաղաքագետը նշեց. ‹‹ Առաջանում են քաղաքական օլիկոպոլիաներ, որտեղ 1-ինը Հանրապետականն է, 2-րդը՝ Բարգավաճը, հետո մնացածը: Բացարձակ իմաստով լավ չէ, հարաբերական իմաստով լավ է: Այսպիսով՝ չի լինում մեկ իշխանության գերիշխանություն››: Լևոն Շիրինյան խոսեց երկրում Ազգային դեմոկրատական ուժի կամ էլ սոցիալիստական ուժի բացակայության մասին: Ըստ բանախոսի՝ գոնե ընդդիմադիր կողմը պետք է կազմի այդ ուժը, որպեսզի աղքատ ժողովուրդը խորհրդարանում իր շահերը ներկայացնող ունենա: ‹‹Միայն նման քաղաքական դաշտ ստեղծելու դեպքում կարելի է գնալ երկրի զարգացմանը››,-հավելեց քաղաքագետը: Խոսելով Ադրբեջանի առաջացրած լարվածությունից՝ Լևոն Շիրինյանը նշեց, որ Ադրբեջանը վարել է և վարում է Հայաստանի հյուծման, ռեսուրսի սպառման քաղաքականություն. ‹‹ Ինչ-որ չի անի Ադրբեջանի քաղաքական-ռազմական ուժը, կանի Հայաստանի օլիգարխիկ կառուցվածքը ››: Ասուլիսի վերջում բանախոսն հավելեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդի ձեռքում է. ‹‹Ընտրողի ձեռքում է հայ ժողովրդի ճակատագիրը››,-եզրափակեց Լևոն Շիրինյանը: Մարիամ Հակոբյան
