Աչքը կուշտ լինելու հատկությունը «կաշիլյոկի» հարստությունից եւ փողի քանակից չէ. վարչապետը` իր թիմի մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր թիմն ընտրելուց ընտրել է հիմնականում այն մարդկանց, որոնք բարոյական կերպար ունեն, պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման համար, իսկ եթե այդպես չլինի առաջինն ինքը կնախատի և «դեմը կառնի»: «Թիմ ընտրելուց ընտրում եմ այն մարդկանց, ովքեր իմ հետ ճանապարհ են անցել: Թիմ ընտրելու ժամանակ ես բազմաթիվ պրոբլեմներ եմ ունեցել: Կան մարդիկ, որոնց ես որոշակի ավանսով եմ նշանակել, քանի որ այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել: Ցավոք սրտի մենք պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստային հարթակը այնքան էլ մեծ չէ»,-ասաց նա և նշեց, որ եթե կան ավելի լավ կադրեր, որոնք որոշակի ոլորտներ կարող են կառավարել, շնորհակալ կլինի, եթե խորհուրդ տան։
Պատասխանելով հարցին՝ աչքը կշտանալու հատկություն ունի՞, վարչապետն ասաց. «Աչքը կշտանալու կամ կուշտ հոգեբանություն ունենալու հատկությունը փողի քանակից և դրամապանակի հաստությունից չէ, ես գիտեմ բազմաթիվ մարդիկ որոնք այդ առումով, եթե այդ բառը հնարավոր է օգտագործել, կուշտ են»։
Վարչապետի խոսքով` ինքը, այո, այնպիսի մարդկանց է ընտրել, որոնց հետ ճանապարհ է անցել, երբեմն նույնիսկ այնպիսի մարդկանց է պաշտոնների նշանակել, որոնք լավագույն տարբերակը չեն եղել, սակայն այլընտրանք ինքը չի ունեցել: Կարեն Կարապետյանը նաեւ հորդորեց առաջարկել այնպիսի կադրերի, որոնք հետագայում կարող են պաշտոնների նշանակվել:
