«2-ին գումարած 2-ը հինգ լինել չի կարող... տղաներն ուղղակի խուսափում են բանակում ծառայելուց». Ռուբիկ Հակոբյան
ԱԺ-ում Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ երբ թույլատրվեց, որ ասպիրանտուրայում սովորող տղաները բանակ չգնան, ստեղծվեց մի իրավիճակ, երբ բուհերի ասպիրանտուրաներում սովորում են միայն արական սեռի ներկայացուցիչներ:«Եթե խնդիրը սխալ ես ձևակերպում, ապա դա չի կարող ունենալ ճիշտ լուծում: Ինձ թվում է՝ այս տարիների ընթացքում ոլորտներում շատ լուրջ պրոբլեմներ ենք առաջացրել ու փորձում ենք դրանք լուծել: Հետևաբար՝ եթե խնդիրը սխալ ձևակերպված չլիներ, մենք էլ այսքան չէինք չարչարվի ու չէինք անդրադառնա մեր կողմից սխալ ձևակերպված բանաձևերին: Այս նախագիծն այդ խնդիրները լուծելուց մեկն է, որն էլի մենք ենք ստեղծել»,-ասաց նա: Ըստ նրա՝ նրանք, ովքեր խոսում են այն մասին, թե գիտությունը կտուժի, եթե երիտասարդը բանակում ծառայի ուսանելու փոխարեն, դեմագոգիայով են զբաղված: «2-ին գումարած 2-ը հինգ լինել չի կարող: Կարող է 4 լինել, հաստատապես չորս լինել, բայց ոչ երբեք 5: Պետք է մեր պետությանը հարիր օրենքներ ստեղծենք, բանակում ծառայելը պետք է արժանապատվության, տղամարդկության հարց լինի: Սա այն պրոբլեմներից մեկն է, որը մենք ենք ստեղծել: Գիտությունը պարտվել է, շահել է դոմագոգիան, շահել է սողանցքներ փնտրողների խումբը: Այս հարցը մեկ այլ տեղում էլ կա, երբ դրսում պետական միջոցների հաշվին սովորում են: Տասնյակ մարդիկ սովորում են, ավարտում են, այդ ժամանակ դառնում են այդ երկրի քաղաքացի, բանակում չեն ծառայում ու պետությունը դրանից տուժում է»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը հարցրեց, թե ո՞վ է որոշել, որ այն մարդիկ, որոնք չեն ծառայում, փախչում են, հետո վերադառնում ու գումար են վճարում. «Դա չնչին է. նա իր մորն ու քրոջը թողնում-գնում է, հետո գալիս, 8 մլն վճարում ու ազատվում է: Դա բոլոր առումներով սխալ է: Դա պետք է փոխել և մեր պետության յուրահատկությանը հարիր օրենքներ ընդունել»: Սոնա Դավթյան
