Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը. լուսանկարներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից: Երևանի քաղաքապետի, առողջապահության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի անդամների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով հաստատությունում ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահին ներկայացրել են, որ բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ: Շրջայցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նախարարության կողմից առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատանքների կազմակերպման խնդիրներին: Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը:





