Նորից կդիմեն Գագիկ Ծառուկյանին
Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուներն ու տարածքային խորհուրդների ակտիվների ներկայացուցիչները, տեղեկացնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը։ ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպչական հարցերը։ Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ խմբակցության եւ ԲՀԿ Երեւանի ավագանու անդամները հանրապետության մարզերում եւ Երեւանի համայնքներում կկազմակերպեն հանրային հանդիպում-քննարկումներ՝ երկրում առկա խնդիրների շուրջ հանրության տեսակետը լսելու եւ ԲՀԿ նախընտրական ծրագիրը ժողովրդի հետ քննարկումների արդյունքում ամբողջացնելու համար։ ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հնարավոր դաշինքների հարցը։ Քննարկվել են նաեւ ռեյտինգային ընտրակարգով կուսակցական առաջադրումները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկվել են կուսակցական-կազմակերպչական մի շարք հարցեր եւս։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներ հանդես են եկել կուսակցության քաղխորհրդի եւ տարածքային կառույցների կատարած աշխատանքի հաշվետվությամբ եւ առաջարկներով։ ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։ ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ասված է. «ԲՀԿ քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով հանրապետության բոլոր համայնքներում և Երևանում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների պահանջն ու ցանկությունը, Հաշվի առնելով մեր երկրում հանրային-քաղաքական մեծ համախմբում ապահովելու անհրաժեշտությունը, որը ի զորու է իրականացնել ժողովրդի անվերապահ աջակցությունն ու վստահությունը վայելող գործիչ Գագիկ Ծառուկյանը, Հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերները բացառապես մեծ համախմբմամբ լուծելու հրամայականը, Հաշվի առնելով, որ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից հեռանալով որևէ այլ գործիչ և քաղաքական ուժ ի զորու չեղավ լուծելու այդքան անհրաժեշտ հասարակական-քաղաքական համախմբման խնդիրը, ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու և մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցը»։
