Կարեն Կարապետյանի խորհրդականն աղմկահարույց պատմությունների կիզակետում
«Փոքր Մհեր» կրթահամալիրի շուրջ հասունացող խմորը կարող է շատ ջուր քաշել: Հիշեցնենք, որ կրթահամալիրի սաների կողմից վերջերս դժգոհության ձայն բարձացվեց, որ նորանշանակ տնօրենը ոչ մանկավարժական վերաբերմունք է դրսեւորում, հաստատությունում տիրում է անառողջ մթնոլորտ:Դրանից հետո ԿԳ նախարարի հանձնարարականով ստեղծվեց աշխատանքային խումբ, որն արդեն մի քանի օր է` ուսումնասիրում է իրավիճակը, ԿԳՆ աշխատակիցներն անգամ հերթապահում են կրթահամալիրում:Վեցը տարվա ընթացքում կրթահամալիրը 3-4 տնօրեն է փոխվել, այնինչ 15 տարի է, կառավարման խորհրդի նախագահը նույնն է, այդ խորհուրդը ղեկավարում է Գեւորգ Մալխասյանը: Մեր տեղեկություններով՝ հենց նրա անվան հետ է կապվում այս համալիրում տիրող անառողջ բարքերի հիմնադրումը ու բազում աղմկահարույց պատմությունները: Սակայն Մալխասյանը հզոր հովանավորների շնորհիվ 15 տարի շարունակ մնում է ստվերում, փոխարենը <<զոհ>> են գնում տնօրենները: Գ.Մալխասյանը Դավիթ Հարությունյանի` արդարադատության նախարար աշխատելու տարիներին եղել է վերջինի տեղակալը, փոխնախարարի աթոռից էլ տեղափոխվել է կառավարություն՝ դառնալով Տիգրան Սարգսյանի խորհրդական, նա հիմա էլ Կարեն Կարապետյանի խորհրդականն է: Ի դեպ, երբ նորանշանակ վարչապետի մոտ ակնարկել են իր խորհրդականի մասին, Կարապետյանը անտեղյակ պնդել է, թե ինքը նման խորհրդական չունի, մինչդեռ Մալխասյանի անունը այս պահին էլ հրապարկված է կառավարության կայքում` իբրև վարչապետի խորհրդական:
