Անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդուն և ճողոպրել դեպքի վայրից. Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Էջմիածին- Մասիս ավտոճանապարհի 1,5 կիլոմետրին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ 39-ամյա Խաչիկ Հովսեփյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արշակ Կիրակոսյանի գլխավորությամբ ում կողմից հարուցվել է քրեկան գործ : Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը եղել է եղբոր կնոջ հետ և ցանկացել է գնալ Էջմիածին, սակայն վրաերթի է ենթարկվել: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
