Չեն տեղավորվում ո’չ «տուրք», ո’չ «վճար» հասկացությունների մեջ. Ստեփան Մարգարյան
ԱԺ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Տեղական տուրքերի ու վճարների մասին», «Աղբահանության մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով` հստակ սահմանվում են տուրք և վճար հասկացությունները: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը հարցրեց, թե ինչու է վճարովի կայանատեղիի կամ, այսպես կոչված, կարմիր գծերի համար գանձվող գումարը համարվում վճար, չէ՞ որ վճարը ծառայություններ մատուցելու դիմաց է սահմանվում, մինչդեռ վճարովի կայանատեղիներում հասկանալի չէ, թե ինչ ծառայություն է մատուցվում և, առհասարակ, մատուցվում է, թե` ոչ: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ կարմիր գծերին կայանելու թույլտվության դիմաց է գանձվում վճար: Սակայն Ստեփան Մարգարյանը չհամաձայնեց Տերտերյանի փաստարկների հետ` ասելով, որ եթե կարմիր գծերի տարածքում կայանելու դիմաց գանձումները չեն տեղավորվում «տուրք» հասկացության մեջ, ապա չեն տեղավորվում նաև «վճար» հասկացության մեջ:
