«Սերժ Սարգսյանի մականունը Նարիմանով է». Զարուհի Փոստանջյան
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր «Լյուստրացիայի մասին» օրենքին:Ըստ այդմ` առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` գաղտնազերծմանը, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Օրենքով առաջարկվում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաև վերջիններիս` օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու և սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով ՀՀ յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ ինչ է հասկանում Զարուհի Փոստանջյանը լյուստրացիա ասելով. «Քանի որ լյուստրացիայի բացատրությունը հետեւյալն է՝ բացահայտել օտար երկրի գործակալներին, որոնք մեր երկրում փորձել են գործունեություն իրականացնել: Եվ, ի վերջո, ո՞րն է այդ օտար երկիրը»: Ի պատասխան տիկին Փոստանջյանն ասաց. «Այդ երկիրը նախկին Խորհրդային միությունն է»: «Մենք այդ միության մի մասն ենք եղել»,- արձագանքեց Լեւոն Մարտիրոսյանը: «Մեր հանրությունը պետք է իմանա, օրինակ՝ Սերժ Սարգսյանը, որը ցանկանում է այսօր հողեր հանձնել, ո՞ւմ գործակալն է, ում պատվերն է կատարում: Մենք կասկածում ենք, որ նա եղել է ԿԲԳ գործակալական ցանցի մեջ ներգրաված անձ, նույնիսկ նա մականուն է ունեցել՝ Նարիմանով»,- պատասխանեց Զ.Փոստանջյանը:
