Սոցիալական ապահովության պետական ծառայությունը նոր պետ ունի
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Արմեն Աբրահամյանն ազատումը որեւէ մեկի քմահաճույքը չէր։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով, նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատող էր, մարդ՝ ով մեծ ներդրում է ունեցել, մասնավորապես կենսաթոշակային համակարգի նոր տեղեկատվական շտեմարանի, բազաների ներդրման եւ ցուցակների մաքրման գործում։ «Հիմա քանի որ մենք շատ առարկայական խնդիր ունենք՝ ողջ սոցիալական պաշտպանության ոլորտի էլեկտրոնային ամբողջական համակարգ ձեւավորելու, մենք առաջարկել ենք պարոն Աբրահամյանին անցնելու աշխատանքի «Նորք» տեղեկատվավերլուծական եւ իրազեկման հիմնադրամում՝ որպես տնօրեն։ Կարծում եմ, իր ներուժը այս ոլորտում ներդնելով կարող է առավել օգտակար լինել»,-ասաց նախարարը։ Արմեն Աբրահամյանը սոցիալական ապահովության պետական ծառայությունում աշխատում էր 2011թ-ից, 2016 թ-ի նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ազատվել է պաշտոնից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2016թ. դեկտեմբերի 2-ի 1140-Աորոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանՍոցիալական ապահովության պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ղազարյանը: Արտակ Ղազարյանն ունի զարգացման ծրագրերի կառավարման ավելի քան տասնհինգամյա փորձ։ Վերջին տարիներին ղեկավարել է ամերիկյան «Քեմոնիքս Ինթերնեշընըլ» ընկերությունը և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը կենաթոշակների ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործում։ Արտակ Ղազարյանի ղեկավարած ծրագրերը ներառել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինովացիան, զբոսաշրջությունը, տնտեսական մրցունակությունն ու էներգետիկան։ Արտակ Ղազարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետները, ՀՀ կառավարման ակադեմիան և Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների դպրոցը։ Մասնագիտական և ծրագրերի կառավարման վերաբերյալ վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և գերմաներենին: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների։ Ծնվել է 1973թ․ փետրվարի 8-ին, Վայք քաղաքում։ Զինապարտ է, ունի պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
